Հանդիպումներ կրթահամալիրի 5-րդ դասարանի սովորողների հետ։ Ամփոփում

Ես՝ Լուսի Ղարիբյանս և Սոնա Բալայանը վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր համատեղ «Պատերազմը՝ կրթության գործիք» նախագծի շրջանակում այցելել ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ութ 5-րդ դասարաններ, հանդիպել ենք մեր հաշվարկով շուրջ 200 սովորողի։

Այցելությունների նպատակն այն էր, որ պարզեինք, թե 5-րդ դասարանցիները ինչ պատկերացումներ ունեն պատերազմի մասին, ինչը ծառայելու է մեր նախագծի ընդհանուր նպատակին՝ հասկանալ, թե տարբեր տարիքային խմբերը որքանով են պատրաստ պատերազմներին և ինչ է պետք փոխել կամ չփոխել, որպեսզի ավելի պատրաստված լինենք պատերազմներին և ճիշտ պատկերացումներ ունենանք այդ երևույթի մասին։

Այցելությունների ժամանակ ես և Սոնա Բալայանը ուղղակի հարցերի միջոցով, քննարկում վարելով փորձել ենք հասնել տարբեր արդյունքների։ Այնուամենայնիվ, ամեն անգամ գրեթե նույն արդյունքին ենք հասել, քանի որ երեխաները գրեթե նույն պատկերացումներն ունեն պատերազմի, հարազատների կորստի մասին։

Այս այցելությունների արդյունքը ես ամփոփել եմ իմ «Ինչպե՞ս խոսել երեխաների հետ պատերազմի և հարազատների կորստի մասին» թեմայով հետազոտական աշխատանքում, որը շուտով կհրապարակվի։ Արդյունքի մասին իր կարծիքն է հայտնել արդեն 2 հոգեբան։ Մեջբերեմ հատվածը, որտեղ երևում է հիմնական արդյունքը․

Մենք մեր մտքում ունեցած հարցերը ամեն անգամ վերաձևակերպում էինք, որի նպատակն էր՝ հասկանալ, թե արդյո՞ք ավելի բարդ ձևակերպված հարցերը երեխաները կվերլուծեին ու կպարզաբանեին իրենց մտքում այնպես, որ դրանց տային ակնկալվող իմաստով պատասխաններ։ Մեզ համար ապացուցվեց, որ 5-րդ դասարանում․

1․ սովորողները իսկապես մահվան կոնցեպտի լիարժեք ընկալում ունեն,

2․ «պատերազմ» հասկացությունը ընկալում են միայն ռազմական գործողությունների՝ «պատերազմական գործողություններ» իմաստով և չգիտեն «տեղեկատվական պատերազմ», «տնտեսական պատերազմ», «կենսաբանական պատերազմ» հասկացությունների գոյության մասին,

3․ սովորողները հաճախ իրատեսական պատկերացումներ ունեն տեղեկատվական պատերազմի ընթացքի մասին,

4․ սովորողների շուրջ 5%-ը «պատերազմների ի՞նչ տեսակներ կան» հարցին պատասխանելիս առաջարկում է նաև կենսաբանական պատերազմները՝ միայն թե չիմանալով, որ այդ տեսակի պատերազմը կենսաբանական է կոչվում,

5․ այն սովորողների պատկերացումները պատերազմ հասկացության մասին, որոնց ընտանիքներում հաճախ էին խոսում պատերազմների մասին, քննարկում նորությունները, կամ որոնց հետ ծնողները խոսել են պատերազմի մասին, չէին տարբերվում մյուսների պատկերացումներից,

6․ այն սովորողները, որոնք ռազմական գործողությունների ականատես են եղել, ավելի լուրջ են մոտենում պատերազմ հասկացությանն ու հարազատների մահվանը և ավելի լավ են պատկերացնում ռազմական գործողությունների ընթացքը,

7․ սովորողները կարծում են, որ իրենց դիտած մուլտֆիլմերում, ֆիլմերում և իրենց կարդացած գրքերում պատերազմները իրատեսական ձևով չեն նկարագրվում։

1 thought on “Հանդիպումներ կրթահամալիրի 5-րդ դասարանի սովորողների հետ։ Ամփոփում”

Leave a comment